top of page

Երևանում մի քանի տարի է՝ կեղտաջրերը լցվում են բնակիչների տները. «Վեոլիա ջրին», Մալաթիա վարչական շրջանի ղեկավարությանը և Տիգրան Ավինյանին դիմելն օգուտ չի տվել

  • Writer: 24timeam
    24timeam
  • 5 hours ago
  • 2 min read

Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչները զայրույթ են հայտնում «Վեոլիա ջրի» և Մալաթիա վարչական շրջանի ղեկավարության հասցեին՝ պատմելով, որ 2018 թվականից իրենց թաղամասում գարշահոտ է  ու պատճառը դիտահորերից հորդող կեղտաջրերն են: Բնակիչների պնդմամբ՝ ո՛չ «Վեոլիա ջուր»-ը, ո՛չ վարչական շրջանի ղեկավարությունը հարցին լուծում չեն տալիս:Այսօր՝ ապրիլի 20-ին shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչներն պատմել են. «2018 թվականից մեր թաղը գարշահոտ է շնչում ու պատճառը ոչ թե բնակիչների փնթի ապրելու մեջ է, այլ «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետարանի։ Մենք՝ բնակիչներով, ինչքան հնարավոր է պայքարում ենք այս գարշահոտի դեմ, սակայն՝ ոչ մի արդյունք։ Դիտահորերից կեղտաջրերը 6-7  տարի է հոսում են։ Անգամ հարևանությամբ դպրոց այցելող աշակերտները այս հոտի պայմաններում են ուսում ստանում։  Զանգահարում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ դա մեր գործը չէ, դիմեք թաղապետարան, զանգում ենք թաղապետարան, այնտեղից էլ՝ նույն պատասխանը։ Մի քանի անգամ էլ դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ հավատալով, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կազդի «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետի վրա բայց, զուր, ոչ մի օգուտ։



Ասում եք՝ պայքարում եք խոլերայի դեմ, խոլերան էլ ո՞նց է լինում. գարշահոտը մի քանի հարյուր մետրից զգացնել է տալիս ու անգամ կեղտաջուրը լցվում է մարդկանց տները, նկուղներ, ննջասենյակներ, իսկ «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը շարունակում են մուկն ու կատուն խաղալ»:



Բնակիչներն ընդգծել են՝ վճարումները կանոնավոր կատարում են, անգամ 1 օր չեն ուշացնում, բայց դրա փոխարեն ստանում են զրո սպասարկում, գումարած՝ գարշահոտ, սրտխառնոց:



«Ամոթն էլ լավ բան է, ուրիշ ժամանակ այդ «վայ» չինովնիկները կհայտարարեն, թե իրենց սիրտը ցավում է բնակչի ու սպառողի համար, մինչդեռ ձեր անգործության հետևանքով էլ սիրտներս չի դիմանում էդ գարշահոտին։ Համոզված ենք, որ դուք 10 րոպեից ավել էս հոտը չեք շնչի, եթե գաք էստեղ, մի քանի վայրկյան հետո հոտից «մակարովի գյուլլի» նման կփախնեք։ Եկեք, քարերը փեշներիցդ թափեք ու իրոք մտածեք ժողովրդի մասին, գործ արեք, մի քանի մետր խողովակ պիտի փոխեք ու 1-2 դիտահոր մաքրեք, բայց դա էլ չեք անում ու դրա հետևանքով օրվա 24 ժամը գարշահոտ է տիրում այս փողոցում», - նշել են նրանք։

1/2076
bottom of page