top of page

Ադրբեջանի համար շատ կարևոր օր էր ընտրվել Արցախի անկումը․ արդյո՞ք կանգուն կմնա մայր Հայաստանը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 21, 2024
  • 2 min read

2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 32-րդ տարեդարձի օրը պարզ դարձավ, որ ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի կունենա Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում, որին հաջորդեց «գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ» բովանդակությամբ հաղորդագրությունը: 

«Այդ ժամանակ արդեն զինադադար էր։ Եվլախի հանդիպումից էր կախված մեր այն հայրենակիցների ճակատագրերը, որոնց մասին սեպտեմբերի 19-ից լուր չկար։ Մի մասը իրենց գյուղերում էին, մի մասը՝ անտառներում, իսկ զինվորականները՝ զոհված ու վիրավոր, դարձյալ անհայտ ուղղություններում։ Կապ գոյություն չուներ, դրա համար որևէ լուր իմանալու համար մենք ստիպված գալիս էինք հրապարակ։ Ես տեղյակ չէի, որ շրջանները դատարկվել են, բնակչության մեծ մասը Ստեփանակերտում է։ Ստեփանակերն անճանաչելի էր։ Երբ հասա հրապարակ, հանկարծակի լսեցինք կրակոցներ, որ թվում էր` կողքիդ է։ Հազարավոր մարդիկ վազքի մեջ էին, որ չգիտեին՝ ուր գնալ։ Նրանց մի մասը երեխաներին փրկելու համար ոտքով գնացին Իվանյանի օդանավակայան»,- MediaHub-ի հետ զրույցում մեկ տարի առաջ այս օրվա իրադարձությունները հիշում է Լուսինե Գրիգորյանը։

Լուսինեն մոր հետ տեղափոխվել է կառավարության ապաստարան։ Ասում է՝ իրավիճակն անվերահսկելի էր, որևէ պաշտոնյա ոչինչ չէր ասում։


«Հավանաբար, իրենք էլ տեղյակ չէին կատարվողի մասին, ո՞վ էր կրակում, ո՞ւմ ուղղությամբ՝ հայտնի չէր։ Այդ պահին հասկացա, որ ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի մատույցներում են, հրաձգային զենքերից անընդմեջ կրակում էին բնակելի տների ուղղությամբ, վնասում էին տանիքները, ջարդում պատուհանները։ Հայկավան թաղամասից մի կին 2 երեխաների հետ դողալով մտավ մեր մոտ, ասաց, որ կրակել են իր ուղղությամբ, գնդակը մի քանի մմ տարբերությամբ խրվել է պատի մեջ, ինքն էլ վերցրել է երեխաներին ու շտապել հրապարակ, որ այնտեղից գնա օդանավակայան։ Կրկնում եմ, դա այս օրն էր, երբ Եվլախում իրենց ասած կառուցողական մթնոլորտում քննարկվում էր մեր ճակատագիրը»,- ասում է Լուսինեն։ 

Լուսինեն զարմանում է, որ պատերազմն անվանում են մեկօրյա։ Իր խոսքով՝ Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին՝ փակելով կյանքի ճանապարհը։ Դրանից հետո պարբերական էին դարձել ահաբեկչական գործողությունները։

«Մենք մեր մաշկի վրա զգում էինք էթնիկ զտման վտանգը, որն օրեցօր ավելի շոշափելի էր դառնում։ Սեպտեմբերյան դեպքերը մարտական գործողություններ էին միայն, իսկ պատերազմն Արցախի դեմ սկսվեց դրանից 9 ու կես ամիս առաջ»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակցի հիշողությունից երբեք չի ջնջվում այս օրը, երբ ՀՀ Անկախության օրը Արցախը հայաթափելու որոշում կայացվեց ադրբեջանական Եվլախում։ 

«Ապրելով հակամարտության գոտում, ես լավ գիտեմ մեր թշնամու հոգեբանությունը։ Այդ օրը նրանք մատաղ էին ուզում մատուցել, հայի արյուն պիտի թափվեր։ Մի խաղաղ բնակիչ, երիտասարդ կին որովայնից վիրավորում ստացավ Ստեփանակերտի իր տան բակում։ Մինչև վերջին պահը մեզ մեր տներում փորձում էին սպանել, սա ի՞նչ է, եթե ոչ ցեղասպանություն։ Նման թշնամուն երբեք պետք չէ ներել, իսկ ո՞ւր ենք նայում մենք։ Այս խորհրդանշական օրը հանձնվեց Արցախը։ Արդյո՞ք կանգուն կմնա մայր Հայաստանը, թե՞ կշրջվի մեր պատմության վերջին էջը»,- հավելեց Լուսինե Գրիգորյանը։

Հունան Թադևոսյան

1/2074
bottom of page