top of page

Ռուս սահմանապահները կհեռանա՞ն Հայաստան-Իրան սահմանից․ Փաշինյանի խոսնակը սոցցանցում գրառում է արել՝ «ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով»

  • Writer: 24timeam
    24timeam
  • Oct 8, 2024
  • 1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի  Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ։ Բաղդասարյանը գրել է հետևյալը․

«Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների և բառապաշարի վերաբերյալ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։

Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։

Համաձայնություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»։

1/2076
bottom of page