«Դժգոհ ենք, բա ինչ ենք», «Մեր հարցերին սպառիչ պատասխան չեղավ», «ԴՆԹ-ների հարցը չի էլ քննարկվել»․ Պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատները՝ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպման մասին
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԺ-ում տեղի ունեցած դռնփակ հանդիպման արդյունքներից գոհ չեն։
«Մինչև մեր հարցերին պատասխան չլինի, դժգոհ ենք, բա ինչ ենք»,- հանդիպումից հետո Armlur.am-ի հետ զրույցում ասել է անհետ կորած զինվորի ծնող Ազատ Գևորգյանը։
«Մեր հարցերին սպառիչ պատասխան չեղավ»,- լրատվամիջոցին ասել է նաև անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։ Նա նշել է՝ Ալեն Սիմոնյանը ծնողներին նույնիսկ ասել է՝ եթե հանդիպման ձևաչափից դժգոհ են, կարող են թողնել ու գնալ։
«Ֆորմատն ի սկզբանե խախտված էր, ասացիք այս մասին, բայց պատասխանեցին՝ գոհացեք նրանով, ինչ կա։ Ալեն Սիմոնյանն ասաց՝ եթե այս ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք գնալ։ Մենք էլ մտածեցին՝ գնանք, թե մնանք, որոշեցինք մնալ՝ մեր հարցերի պատասխանները լսել։ Լսեցինք, խոսքերը լսեցինք։ Արդյունքում՝ ինչ եղել է 4 ու կես տարի, նույնն էլ շարունակվում է, ոչ մի տարբերություն։ Ոչ մի փոփոխություն»,- ասել է Զուկասյանը։
Անհետ կորածի հարազատն ընդգծել է՝ իրենց հուզող ամենակարևոր խնդիրներից մեկին ընդհանրապես անդրադարձ չի եղել։
«ԴՆԹ-ների հարցը՝ ամենակարևոր խնդիրներից մեկը, որն առկա է, այսօր ընդհանրապես չհասցրինք էլ քննարկել։ ԴՆԹ փորձաքննություն անցած մարմինների մասունքները, որոնք համընկնում են, բայց ծնողները չեն վստահում փորձաքննության արդյունքներին, դրան անգամ չենք էլ անդրադարձել։ Դա մնաց մի ամիս հետո։
Նախնական պայմանավորվել ենք՝ 30 օր հետո նորից հանդիպենք, իրենք էլ երևի ավելի պատրաստ կլինեն, քանի որ անգամ ՔԿ ղեկավարը այսօր պատշաճ ձևով պատրաստ չէր մեր հարցերին պատասխանելու»,- ընդգծել է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը։