Կիրանցի բնակիչները գոհ են, ոչ մի բողոք չունեն, ուրախ են, որ սահմանն արդեն հստակ է. Նարեկ Զեյնալյան
- 24timeam
- Jul 8, 2024
- 1 min read

Մենք մի քանի պատգամավորով որոշեցինք գնալ Կիրանց ու տեղում ծանոթանալ սահմանազատված սահմանին, պաշտպանական ու ամրաշինական աշխատանքներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Ըստ էության, աննկարագրելի ծավալի աշխատանք է կատարվում, որը պետք է արվեր վերջին 20-25 տարվա ընթացքում, և որի արդյունքում մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք: Գնացել ենք Կիրանց, շրջել գյուղում, հանդիպել ընդամենը մի քանի հոգու, զրուցել նրանց հետ։ Բնակիչներն իրենց աշխատանքին էին, դաշտերում՝ իրենց հոգսերով, որևէ բողոք, որևէ բացասական տրամադրվածություն կամ որևէ այլ բացասական էմոցիա չի եղել: Բնակիչներն իրենց աչքով տեսել են այն, ինչ կատարվում է, արձանագրել են ու գիտակցել, որ այն ինչ ասվում էր փողոցային ընդդիմության կողմից, եղել է սուտ և կեղծիք»,- ասաց պատգամավորը:
Զեյնալյանի կարծիքով Կիրանցի բնակիչները գոհ են սահմանազատումից. «Գյուղացիները գոհ են, որ սահմանն արդեն հստակ է, ու երկուստեք ընդունելի է, որ այդ գծից այս կողմ ՀՀ-ն է, իսկ այն կողմ ՀՀ-ն չէ»,- ասաց նա:
Հարցին՝ կա՞ երաշխիք, որ այդ սահմանը չի խախտվի ադրբեջանցիների կողմից, պատգամավորն ասաց. «Երկրագնդի վրա չկա որևէ երկիր, որ երաշխիք ունի, որ իր սահմանները երբևէ չեն խախտվի: Ռիսկերը, որ էսկալացիա կլինի, անհամեմատ ավելի նվազ են ու կառավարելի: Կիրանցում ապատեղեկատվություն էր տարածվում, որ ադրբեջանցիները գալու են, մտնեն գյուղ, գյուղը կիսվելու է երկու մասի, որ սահմանազատումը լինելու է ծառերով, թփերով:
Գնացեք, տեսեք, թե ինչ սահմանազատված սահման ունենք: Այնտեղ չէր նախատեսվում ծառերով փակել, այն ինչ նախատեսված է եղել, դա էլ կառուցվում է, փշալարեր են, սյուներ ու ճանապարհի այդ հատվածում պատ է կառուցվելու»: