Մտահոգում է ոչ թե ռուսների գնալը, այլ ադրբեջանական զորքի մնալը հայկական տարածքներում. ներքինհանդեցի
- 24timeam
- May 15, 2024
- 2 min read

Արդեն մի քանի օր է, ռուս սահմանապահները լքել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրն ու այս պահին էլ ապամոնտաժում են մյուս մարզերում տեղակայված իրենց հենակետերը:
Նախիջևանի հետ սահմանամերձ Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչներից մեկը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ հենակետն ու համապատասխանաբար դիտակետերը երեկվանից արդեն չկան։ Նախօրեին հանվել են նաև ռուսական դրոշները։
«Չեմ կարող չասել, որ նրանց ներկայությունը մեծ ապահովություն չէր ներշնչում գյուղացիներին, որովհետև չեզոքություն էին պահում։ Անգամ այն ժամանակ, երբ երկաթի ձուլարանի կառուցման աշխատանքներ էին կատարվում, ու ազգությամբ հնդիկ աշխատակից վիրավորվեց ադրբեջանական կրակոցներից, էլի առանձնապես ոչինչ չարեցին, հակառակը, զսպեցին, որ կրակով չպատասխանենք։ Մյուս կողմից էլ սահմանապահների ներկայությունն ինչ-որ տեղ զսպում էր թշնամուն, դրա համար վերջին ամիսներին այս ուղղությամբ հրադադարի լուրջ խախտումներ չեն եղել»,- ասաց նա։
Ռուս սահմանապահները ՀՀ սահմանամերձ մարզերում են հայտնվել 2020 թվականից հետո, ՀՀ կառավարության առաջարկով։ Արդեն իսկ հայտարարվել է, որ նրանք դուրս կգան Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի ու Տավուշի մարզերից, սակայն կշարունակեն իրենց առաքելությունը՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին։
Սյունիքի մարզի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ ռուսների ներկայությունը գյուղում համարյա չեն զգացել։
«Հիմնականում խոչընդոտում էին օտարերկրյա քաղաքացիների, շատ դեպքում՝ լրագրողների մուտքը, բայց մեզ համար գնալ-գալը խնդիր չէր։ Ուզում եմ ասել, որ այնպիսի ծառայություն չէին իրականացնում, որը մենք չենք կարող չանել։ Այսինքն՝ իրենց մնալով ու գնալով ոչինչ չի փոխվի»,- ասաց Բաղդասարյանը։
Ներքին Հանդի բնակիչներից մեկն էլ նշեց, թե այս պահին իրենց մտահոգում է ոչ թե ռուսների գնալը, այլ ադրբեջանական զորքի մնալը՝ դե ֆակտո և դե յուրե, հայկական տարածքներում։
«Ադրբեջանն ուժի դիրքից է խոսում, Հայաստանը կատարողի դերում է։ Մեր գերեզմանները, գյուղը սնուցող աղբյուրները, անտառները հայտնվել են իրենց հսկողության տակ, իսկ ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում։ Մեր հուղարկավորությունները Կապանի գերեզմանատանն ենք կազմակերպում։ Օրեր առաջ էլ մի մարդու գետի մոտ հուղարկավորեցինք, որովհետև իր վերջին ցանկությունն էր ամփոփվել Ներքին Հանդում»,- ասաց Մելս Բաղդասարյանը։
Իրավիճակն ըստ Ներքին հանդի բնակիչների՝ հանգիստ է։ «Միայն այսօր պայթյունի ձայն ենք լսել, մտածել ենք՝ էլի հրադադարի խախտում է, բանից պարզվել է, մերոնք են։ Բայց այս լռությունը, ռուսների դուրս գալը, սահմանազատման-սահմանագծման գործընթացն անհանգստացնում է»,- իր մտահոգությունը հայտնեց սահմանամերձ գյուղի բնակիչը՝ ընդգծելով, որ այն նաև իրենց մարզ է հասնելու, սակայն կարծում են՝ Տավուշի օրինակով ոչինչ հայկական կողմի համար նպաստավոր չի լինի։
Հունան Թադևոսյան