«Իշխանությունները պետք է հրապարակայնացնեն, թե ի՞նչ են ուզել Մոսկվան և Բաքուն Երևանից»․ Սուրեն Սուրենյանց
- 24timeam
- Sep 15, 2024
- 1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ ««Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ: Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքից»,- այսօր հայտարարել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ես դեռ երեկ կասկածի տակ էի դրել Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, որն ազդարարում էր, թե Օվերչուկի հետ Փաշինյանը քննարկել է երկկողմ օրակարգ: Ռուսաստանի փոխվարչապետը վստահաբար Երևան է եկել առաջին հերթին կոմունիկացիաների ապաշրջափակման, ավելի ստույգ՝ Սյունիքով անցնող ճանապարհի հարցով, ընդ որում՝ եթե նկատեցիք, Օվերչուկը այդ համատեքստում հատկապես շեշտում է Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները: Այլ խոսքով, գոնե առաջին տպավորությամբ՝ կեղծ են Հայաստանի իշխանության և նրա սատելիտների պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում: Գոնե Օվերչուկը հակառակն է պնդում՝ թեև արտատարածքային միջանցքի հիշատակում չկա նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Հայաստանի հասարակությունն իրավունք ունի իշխանություններից պահանջել, որպեսզի, ի վերջո, հրապարակայնացնեն, թե ի՞նչ են ուզել Մոսկվան և Բաքուն Երևանից, որը չկատարելու համար՝ Փաշինյանը որոշել է զոհաբերել Գորիս-Կապան ճանապարհը և Արցախը: Գոնե այս պահին իրավունք ունենք պնդելու, որ ուզել են այն, ինչ գրված է եռակողմ հայտարարության մեջ կամ, այն, ինչի մասին ասում է Օվերչուկը: Իրավունք ունենք, որովհետև Փաշինյանը և նրա թիմը լռում են ռուսական առաջարկի բովանդակության մասին: Եթե Օվերչուկը ճիշտ է, ապա ստացվում է՝ Փաշինյանն Արցախը զոհաբերել է ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի ինքնիշխանության(ինչպես պնդում է պաշտոնական պրոպագանդան): Այս տրամաբանության շրջանակներում, Արցախը «մատաղ» է արվել Փաշինյանի մի ցնորամիտ ցանկությանը, որը կոչվում է երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն»։