Եթե Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել՝ ինչ է տեղի ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում, ապա հիմա իմաստ չունի նրան լուսավորելը. Արա Աբրահամյան
Այսօր Նիկոլ Փաշինյանը, որպես պետության ղեկավար, որը պարտավոր է ՀՀ Սահմանադրության համաձայն, աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից, ասում է, որ մենք, պարզվում է, պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանն ու հասկանանք՝ ինչպես է ստացվել, որ 1939-ին, իր խոսքով, Ցեղասպանության օրակարգ չի եղել, իսկ 1950-ին նման օրակարգ հայտնվել է: Այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:«Դե ինչ ասես սրան: Ես նրան կուղարկեի Ռուսաստանի հայերի միության կողմից հրատարակված «Հայոց ցեղասպանություն. միջազգային հանրության պատասխանատվությունը և Թուրքիայի պարտավորությունները» բացառիկ եռահատոր գիրք, որպեսզի լրացնի գիտելիքների բացերը, որոնք անընդունելի են պետության ղեկավարի համար: Բայց վախենամ, որ եթե նա մինչև հիմա չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում, ապա հիմա իմաստ չունի նրան լուսավորելը», - ասել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։