ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. ո՞վ ում հաղթեց
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում։
Որ ուժը նախնական ի՞նչ արդյունք է գրանցել վերոնշյալ համայնքներում` ներկայացնում ենք ստորև։
Ամենաթեժ պայքարը, թերևս, Սյունիքի մարզի Կապան համայնքում էր, որտեղ մի կողմում ՔՊ-ական Դավիթ Դանիելյանն էր, որն այս ընտրություններին մասնակցելու համար հրաժարվել էր պատգամավորական մանդատից, մյուս կողմում` Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո միացել էր Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նա առաջադրվել էր «Շանթ» դաշինքով։
Նախնական տվյալներով` Կապանը մերժել է գործող իշխանությանը և նախընտրել է կանգնել Փարսյանի կողքին։ Քվեարկության նախնական արդյունքով` «Շանթ» դաշինքը ստացել է 12921 ձայն, իսկ ՔՊ-ն` 5338։
Հակառակ պատկերն է Փաշինյանի ծննդավայր Իջևանում, որտեղ ՔՊ-ի միակ մրցակիցը ՀՅԴ-ն էր։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում էր Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, ՀՅԴ ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։
Այստեղ Փաշինյանի թիմը լիակատար առաջատար է։ Ըստ հաշվարկների`
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 80.78%-ը, իսկ
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 15.87%-ը։ Անվավեր է եղել քվեաթերթիկների 3.35%-ը։
Իսկ, ահա, Ատեփանավանի կառավարման ղեկը վերցնելու պայքարում քաղաքական երեք ուժ կար` «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» ու Հայ ազգային կոնգրես։
Իշխանության ավագանու ցուցակը գլխավորում էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, ԲՀԿ-ինը՝ Հարություն Ղարագոզյանը, իսկ Կոնգրեսի ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն էր։
Ըստ նախնական տվյալների` այստեղ ևս առաջատարը ՔՊ թեկնածուն է, երկրորդ տեղում` ԲՀԿ-ն, իսկ երրորդում` ՀԱԿ-ը։
Հանրապետությունում հաջորդ ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 5-ին` 38 խոշորացված համայնքներում։
Նարե Գևորգյան