top of page

Հարցի լուծումը պետք է փնտրել Երևանում, բայց Տավուշում էլ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի․ Վազգեն Մանուկյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • May 1, 2024
  • 1 min read

Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը։

Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյանը ասես մեր պետության սեփականատերը լինի, ով միայնակ որոշում է՝ որ կտոր հողը ում տա, ում չտա։ Կարևոր է, որ ժողովուրդը կանգնած պայքարում է իր իրավունքների համար, որոնք նաև ամբողջ Հայաստանի իրավունքներն են։ Բերվում են փաստարկներ, որ եթե մենք այսօր չտանք այն, ինչ Ադրբեջանը համարում է իրենը, ապա նա պատերազմ կսկսի, մի կողմից հայտարարվում է, որ ՀՀ-ն ուզում է կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը լրիվ ուրիշ պայմանների մասին է  խոսում։

Ինքը խոսում է Հայաստանի մասին՝ որպես Արևմտյան Ադրբեջան, ինքը նպատակ ունի ամրապնդվել մեր բարձունքների վրա, որպեսզի շարունակի իր ընթացքը։ Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը։ Անդառնալիության կետը հատված չէ, եթե ժողովուրդը միասնական որոշում է  ընդունում, այդ որոշմանը շատ դժվար կլինի դեմ գնալ»,- ասաց նա։

Մանուկյանի խոսքով՝ Ադրբեջանը այս պահին պատերազմ չի կարող սկսել՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը։

«Արցախի տեղահանման ու  ագրեսիայի հետևանքով առաջացած միջազգային կարծիքը, Պաղեստին-Իսրայել համակարտությունը նրա համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում պատերազմ սկսելու համար։ Ինքն իր ծրագիրը հիմա իրականացնում է  Նիկոլ Փաշինյանի ձեռքերով՝ գալ տիրանալ հայկական հողերին, հետո ավելի հեշտ իրականացնել նվաճումը»,- ընդգծեց Մանուկյանը։

Նախկին վարչապետը նշեց, որ հարցի լուծումը թեև Երևանում պետք է փնտրել, այնուամենայնիվ Երևանում ժողովուրդը ոտքի կկանգնի, եթե տեսնի, որ Տավուշում ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար։

1/2076
bottom of page